«ԿՅԱՆՔԻ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ». պիեսի բեմադրություն

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, Հոկտեմբերի 11-ին «Լոֆթ Երեւան»-ում տեղի ունեցավ Յասմինա Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսի համանուն բեմադրությունը՝ «Սաթե-Աթղը» թատերական միության, «Ագորա» թատերախմբի եւ «Լոֆթ» կենտրոնի համագործակցությամբ։ Մշակութային իրադարձության ընթացքում կենտրոնի երեք սրահներում ներկայացվեցին նույն պիեսի երեք բեմականացումներ՝ ռեժիսորներ Սերժ Մելիք Հովսեփյանի, Հռիփսիմե Շահինյանի ու Սաթէ Խաչատրյանի մեկնաբանություններով եւ դերասաններ Մակար Գալստյանի, Սոնա Վարդանյանի, Արուսիկ Գրիգորյանի ու Վահագն Խաչատրյանի մասնակցությամբ։

Ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզան աշխարհում ամենաշատը թարգմանված և բեմադրված հեղինակներից է, ում հռչակի աշխարհագրությունը ձգվում է Մոսկվայից մինչև Բրոդվեյ: Դինամիկ, սուր խոսքով, վառ ընդգծված կերպարներով, հումորով ու երաժշտականությամբ համեմված այս պիեսը երկու ամուսնական զույգի պատմությունն է, որը հեղինակը ներկայացնում է երեք անգամ՝ երեք տարբեր մեկնաբանությամբ՝ կոչելով դրանք «տարբերակներ»: Ամուսնական մի զույգ նախատեսվածից մեկ օր շուտ է հյուր գալիս մյուսին՝ ստեղծելով անսպասելիության և անհարմարության մի մթնոլորտ, որը հաղթահարելու համար հերոսներն անցնում են տարբեր իրավիճակների և տրամադրությունների միջով, սակայն խորքում երեք տարբերակներում էլ լուծումը նույնն է. հանդիպման սպասելիքները մնում են չարդարացված: 

Նախագիծն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիական Դեսպանատան, ՀՀ Մշակույթի նախարարության, Լյոնի Մետրոպոլի, Ռոն Ալպ տարածաշրջանի, Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության, ինչպես նաև Իզերի դեպարտամենտի խորհրդի աջակցությամբ և համաֆինանսավորմամբ:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել