Արդարադատության և անվտանգության հակադրում

Մայիսի 17-ին` ժամը 19:00-ին,  «Լոֆթ Երևան»-ում կայացավ «Արդարադատության և անվտանգության հակադրում» թեմայով զեկուցում։ Բանախոսն էր պատմագետ Աղասի Մարգարյանը։ Զեկուցմանը հետևեց նաև քննարկում: 

«Թավշյա հեղափոխությունից» հետո երկիրի հասարակական-քաղաքական միջավայրում տեղի ունեցող ձևափոխումներն ու վերախմբագրումները պայմանավորեցին նաև նոր իշխանության նկատմամբ ընդդիմադիր դիրքավորում ունեցող շրջանակների հռետորաբանության և քարոզչության սկզբունքորեն նոր բառապաշարի, հակաքարոզչական թեզերի և թեմաների ասպարեզ իջնելը:
Վերջիններիս շարքում առանձնահատուկ քննարկումների և քարոզչության արժանացավ արդարադատության և ավտանգության հակադրումը: Այսօրինակ թեզի շրջանառության առիթը հեղափոխությունից հետո մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին և սպաներին առաջադրված մեղադրանքներն էին, ինչպես նաև ուժային կառույցներում կատարված բացահայտումները: Արդարադատության և անվտանգության հակադրման քարոզչական թեզի առանցքում են ուժային կառույցների և մասնավորպես Զինված ուժերի անձեռնմխելիության, ԶՈՒ սակրալիզացիայի, բանակի վարկանիշի գերադասման սկզբունքները: Արդարադատության և անվտանգության հակադրման գործարկման մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «մոտալուտ պատերազմի վտանգի» գեներացումը:
Արդարադատության և օրինականության հաստատման, նախկինում և ներկայում ուժային և ընդհանարապես քաղաքական համակարգերում տեղ գտած արատավոր երևույթների վերհանման ստորադասումը անվտանգայնությանը և անվտանգության հայեցակարգերին, ստեղծում է մանիպուլյատիվ մի պատկեր, համաձայն որի, երկրի պետական կառավարման, հասարակական-քաղաքական համակարգերում անհրաժեշտություն են արդարդատության տեսանկյունից յուրօրինակ «տաբու» ոլորտներ:
Ըստ էության, արդարադատության և անվտանգության հակադրման թեզում հենց այս ասպեկտն առաջնային կերպով օգտագործվում է գործող իշխանության նկատմամբ բազմաշերտ հակաքարոզչության իրականացման համար: Ընդ որում պետք է շեշտել, որ հայաստանյան հասարակական-քաղաքական միջավայրում արդարադատության և անվտանգության հակադրումը զուտ քարոզչական դրսևորումներից մեկն է, որը փորձում է գործող իշխանությանը ներկայացնել ազգային անվտանգության սպառնալիքի լույսի ներքո:
Սույն զեկույցը միտված է վերհանել վերոնշյալ հակադրության արծարծման հիմնական թեզերը: Ներկայացնել արդարադատության ստորադասման մանիպուլյատիվ ենթատեքստերն ու քաղաքական շահարկման գործառնությունը: Զեկույցի հիմնված է հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում ակտիվորեն ներգրավված գործիչների, քաղաքական, տեղեկատվական և փորձագիտական շրջանակների ելույթների, հայտարարությունների և վերլուծությունների դաշտային նյութի վրա:
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել