ՆԱՐԵԿ ԴՈւՐՅԱՆ. «ԼԱՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈւ ՀԱՄԱՐ ՊԻՏԻ ԱՆՈԹԻ ԼԻՆԵՍ, ՀԵՆՑ ԿՇՏԱՆՈւՄ ԵՍ, ԲԹԱՆՈւՄ ԵՍ»
Հոկտեմբերի 21-ին LOFT-ում տեղի ունեցավ հանդիպում-զրույց սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի հետ: Լոֆթային անմիջական մթնոլորտում ներկաները հնարավորություն ունեցան շփվել և ուղղել բոլոր հետաքրքրող հարցերը: Սիրով քեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը, որոնք տպավորվել են մեր թիմի մոտ:
-Ասում եք՝ ես տանն եմ, երբ գնու՞մ եք Փարիզ, թե՞ երբ գալիս եք Երևան:
-Գեղեցիկ և բարդ հարց է միաժամանակ: Փարիզը իմ հայրն է, Երևանը՝ մայրս: Երկուսին էլ հավասարաչափ եմ սիրում: Ծնողի դեպքում չես կարող մեկին շատ սիրել, մյուսին քիչ, բայց եթե ստիպված եմ պատասխանել, կասեմ երևի, որ մայրս ավելի հարազատ է:
-Ի՞նչը ստիպեց վերադառնալ Երևան:
-Ազատությունը:
-Ինչու՞ ընտրեցիք հենց դերասանի մասնագիտությունը:
-Արվեստի բոլոր ճյուղերն էլ գեղեցիկ են ինձ համար, բայց մի տեսակ սահմանափակ, այսինքն՝ երբ նկարում ես, դու նկարում ես ու վերջ, երբ գրում ես, սկսում ես խորը մտածել, իսկ դերասանի մասնագիտության մեջ մի տեսակ բոլոր արվեստները խտացված են: Երևի միայն երաժշտության դեպքում է ուրիշ. այն օգնում է մյուս արվեստներին, այսինքն Միքելանջելոյի աշխատանքը ավելի ազդեցիկ դարձնելու համար այն մատուցում են որևէ երաժշտությամբ, բայց ես երբեք չեմ տեսել, որ երաժտությունը մատուցեն ասենք ինչ-որ նկարի վրա դրված (ծիծաղում է):
-Իսկ ինչու՞ հենց կատակերգական ճյուղը:
-Գիտե՞ք՝ ամեն մարդ զբաղվում է այն գործով, ինչ որ իր մոտ ստացվում է: Հիմա ինձ մոտ ստացվում է մարդկանց զվարճացնել և ես դա անում եմ մեծ հաճույքով:
Դերասանն անկեղծացավ նաև շատ այլ հարցերի շուրջ՝ նշելով՝ «Լավ ստեղծագործելու համար պիտի անոթի լինես, երբ կշտանում ես, բթանում ես»: Խոսեց նաև կրոնից, ԲՈւՀ-երի ներկայիս վիճակից, քաղաքացիներից, ում պահվածքը զարմանք է առաջացրել իր մոտ...
Իսկ հանդիպման վերջում Ն. Դուրյանը հաճելի անակնկալ մատուցեց հանդիպման մասնակիցներին՝ նվիրելով 20 հրավիրատոմս առաջիկա ներկայացման համար:
Հ.Գ. Վիճակահանության սկզբունքով մենք կընտրենք 20 մասնակից, ում և կտրամադրենք հրավիրատոմսերը: Մանրամասները՝ շուտով:
