Ցինիզմը որպես պոպուլիզմի աղբյուր և դիմադրության միջոց

Մարտի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Լոֆթ Երևան»-ում կայացավ «Ցինիզմը որպես պոպուլիզմի աղբյուր և դիմադրության միջոց» զեկուցումը։ Բանախոսն էր փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Բաբաջանյանը: Զեկուցմանը հետևեց նաև քննարկում։ 

Վերջին տասնամյակում հումանիտար և հասարակագիտական հետազոտությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել քաղաքական արդի գործընթացներին բնորոշ երևույթներից մեկը՝ պոպուլիզմը: Պոպուլիզմի մեջ են մեղադրում աշխարհի տարբեր քաղաքական առաջնորդներին՝ Թրամփին, Բոլսոնարոյին, Մորալեսին, Պուտինին, Էրդողանին և այլոց: Այս առումով աշխարհում ընթացող քաղաքական գործընթացներից հետ չի մնում նաև Հայաստանը: Եթե ուսումնասիրենք վերջին տարվա հայկական մեդիադիսկուրսում օգտագործվող բառամթերքը, ապա կնկատենք, որ պոպուլիզմը ամենաշատ օգտագործվող հասկացություններից մեկն է: Առավել հաճախ պոպուլիզմի մեջ է մեղադրվում առաջին հերթին նոր ձևավորված քաղաքական իշխանության առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանը: Այս համատեքստում, օրինակ, 2018թ.-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում համեմատություններ էին անցկացվում Փաշինյանի և պատմությանը հայտնի բռնապետեր Հիտլերի, Մուսոլինիի, Մաո Ցզեդունի կերպարների միջև: Նշված գործիչները ի թիվս այլ բաների նաև բազմիցս մեղադրվել են պոպուլիզմի մեջ, պոպուլիզմի մեջ է մեղադրվում նաև Փաշինյանը, սակայն շատ վառ երևակայությամբ է պետք օժտված լինել, որպեսզի կարողանանք նրանց կերպարների ընկալման մեջ տեսնել գեթ որևէ մեկ ընդհանրություն. թերևս կարելի է առանձնացնել միայն հռետորական տաղանդով օժտվածությունը: Համեմատությունները, անշուշտ, կրում էին մանիպուլյատիվ բնույթ և հետապնդում էին քաղաքական կոնկրետ նպատակներ, սակայն համեմատության առարկան՝ պոպուլիստական հռետորաբանությունը արժանի է ուշադրության:
Միևնույն ժամանակ հետհեղափոխական Հայաստանում ուշադրությունից դուրս է մնացել պոպուլիզմին զուգահեռ տարածվող մեկ այլ սոցիոմշակութային երևույթը՝ ցինիզմը: Բանն այն է, որ նոր ձևավորված իշխանություններին հակադրվող քաղաքական տարբեր միավորները, չհամակերպվելով տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին և չկարողանալով իշխող ուժի պոպուլիստական դիսկուրսին հակադրել կենսունակ որևէ դիսկուրս, գնացին ընդհանրապես առկա դիսկուրսի արժեքային հիմքերի կազմաքանդման ճանապարհով: Մեդիայում ի հայտ եկած այս նոր քաղաքական հռետորաբանությունը հնարավոր է բնորոշել միայն «ցինիզմ» հասկացությամբ: Սակայն այստեղ արդեն անհրաժեշտություն կա վերլուծելու և հասկանալու, թե ի՞նչ փիլիսոփայություն, ի՞նչ արժեբանություն է ընկած ցինիկ հռետորաբանության հիմքում:
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել