ԿԱՅԱՑԱՎ ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆԻ «ՕՎԿԻԱՆՈՍ»​ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՈՒՐՋ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Այսօր «ԼՈՖԹ»-ի՝ քննարկումների և սեմինարների սրահում տեղի ունեցած Արամ Պաչյանի «Օվկիանոս» ժողովածուի բուռն և ազատ քննարկումն էր, որի, ընթացքում, սակայն, ժողովածուից բացի քննարկվեցին ընթերցասերներին հուզող էլի մի շարք հարցեր:

Նախ Արամ Պաչյանը ներկայացրեց գրքից մի քանի մանրամասներ, պատմեց՝ ինչու է ժողովածուն նվիրել Ռուբեն Ֆիլյանին, ինչ խնդիրների է բախվել և ովքեր են դարձել նրա պատմվածքների հերոսները: Իսկ հետո արդեն ջերմ ժպիտով՝ պատասխանեց դահլիճում հավաքված հյուրերի հարցերին, որոնք այնքան շատ էին, որ ստիպեցին միջոցառման փակումը հետաձգել: Բազմատեսակ հարցերի պատասխաններ տալով՝ Արամը բարձրաձայնեց նաև իրեն հուզող հարցերը: Շեշտադրեց հատկապես արևելահայերեն արձակ ստեղծագործելու բարդությունը, որից սկիզբ առան երկարաձիգ ու հետաքրքիր քննարկումներ: Լեզվի խնդրին առնչվելուց հետո գրողը բացատրեց, որ արվեստագետը երբեք չի ստեղծագործում որևէ ծրագրով, և գրականությունը ոչ մի ընդհանուր եզր չունի պարտադրողականության հետ: Գրականությունն, ըստ Արամ Պաչյանի, երաժշտություն է, որը գրչի միջոցով է հնչում:

Իսկ գրական քննարկումը շուտով ընդարձակեց իր տարածքը: Եվ ընթերցասերները բաց չթողեցին սիրելի գրողից ավելի շատ տեղեկություն ստանալու հնարավորությունը: Հնչեցին հարցեր Պաչյանի՝ սիրելի գրողի, փիլիսոփայի, ֆիլմի, սաունդթրեքի և, իհարկե, 21-րդ դարում նրա կյանքից բացակայող՝ նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ:

Քննարկման ավարտին էլ Արամն ընթերցեց «Ռոբինզոն և 13 պատմվածք» ժողովածուում ներառված «Տոնածառը» պատմվածքը՝ վարակելով բոլորին տոնական տրամադրությամբ:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել