ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՋԱԶԱՅԻՆ ԻՄՊՐՈՎԻԶ ԵՐԵԿՈ
Ինչպես գիտեք, այս շաբաթ «40 բարության օր» մեծ իրադարձության շրջանակներում Լոֆթ ինքնազարգացման կենտրոնն օգնության ձեռք էր մեկնել «Տեսողական ներվի Ատրոֆիա» ախտորոշմամբ տաղանդաշատ փոքրիկ Արսեն Գևորգյանին:
Այս անգամ մեր «Ուրբաթ երեկոն» «Կիրակի երեկո» դարձավ, բայց դա ոչնչով չխանգարեց մեր ծրագրերին: Գարնան առաջին օրը Լոֆթի սրահում հավաքվեցին հոգատար հյուրեր, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին Արսենին: Ներկա էր նաև հենց ինքը՝ Արսենը՝ իր ընտանիքի հետ:
Եվ այսպես, խոստացված ջազային իմպրովիզների երեկոն սկսվեց, և բեմը լցվեց գեղեցիկ երաժշտությամբ: Ելույթ ունեցան Ռաֆայել Պետրոսյանը, Լևոն Մարտիրոսյանը, Վահե Մարտիրոսյանը (դաշնակահարներ) և Անուշ Հարությունյանը (Old band էթնիկ խմբի վոկալիստ): Իսկ երբ բեմ դուրս եկան երկու ընկերներ Հակոբ Բանանյանը (շվի) ու Անդրանիկ Քոչարյանը (տամ-տամ), ամբողջ սրահը հուզվեց, քանի որ նրանցից մեկը կույր է, իսկ մյուսն ունի շատ լուրջ տեսողական խնդիրներ: Համերգային երեկոն, սակայն, լիակատար դարձավ, երբ բեմն իր տաղանդով և ժպիտով լցրեց փոքրիկ Արսենը:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «40 բարության օր» իրադարձության շրջանակներում ձևավորվել է «Լոֆթ բարեկամների ցանկ», ովքեր կիսում են մեզ հետ ստեղծագործական գաղափարները և նպաստում գործունեությանը։ Կիրակի երեկոյան, որպես "ԼՈՖԹ"-ի բարեկամ ներկա էր պատվավոր հյուր Արա Գևորգյանը, ով ելույթ ունեցավ սփոփող և ոգևորող խոսքով, առաջարկեց իր օգնությունը։ Արա Գևորգյանը ներկայացրեց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված փոքրիկ պրեզենտացիոն հոլովակ, մի փոքր պատմեց ստեղծագործական սպասվող միջոցառոմների, ծրագրերի մասին և պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
Այսպիսով, երեկոյի ողջ հասույթը, շաբաթվա ընթացքում հատուկ արկղում հավաքված գումարը և Լոֆթի շաբաթօրյա եկամուտը կազմեց 907.000 ՀՀ դրամ, որը կտրամադվի Արսեն Գևորգյանին:
Շնորհակալ ենք բոլոր հյուրերին մասնակցության և սրտացավ վերաբերմունքի համար:
