ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ ԼՈՖԹՈՒՄ
Փետրվարի 15-ին՝ Մեծ Պահքին ընդառաջ, Լոֆթը «Վերցրու՜ եղ ու բրինձը, արի՜» խորագրի ներքո տոնեց Բուն Բարեկենդանի տոնը։ 19։00-ից սկսած՝ Լոֆթում կարող էիր գտնել առատ, համեղ ուտեստներով հագեցած սեղան, տոնական տրամադրություն, պարային փորձեր և ուրախ միջավայր:
Միջոցառման մասնակիցներն ակնկալածից շատ էին, և դա մեզ միայն ուրախացրեց: Չէ՞ որ հայկական տոները, ցավոք, այժմ այդքան էլ լայն տարածում չունեն: Եվ այսպես, միջոցառումը սկսվեց հայկական համեղ ուտեստների համտեսումով: Որից հետո հերթն ամենասպասված ազգային պարերինն էր: Միջոցառման կազմակերպիչ Մարի Խուրշուդյանը մի քանի պարաքայլեր սովորեցրեց մասնակիցներին, ապա սկսվեց իսկական պարային վարակ, և բոլոր մասնակիցները միահամուռ կերպով անդադար սկսեցին պարել: Ընթացքում սեղանի շուրջ հավաքվեցին նաև կիթառահարներ և մասնակիցները զուգահեռ սկսեցին երգել: Իսկ երեկոն ավարտվեց ազգային խաղերով, որը մտերմացրեց միջոցառման հյուրերին: Ի դեպ, Բարեկենդանին զուգահեռ մեկ այլ տոն էլ ծնվեց Լոֆթում. մեր հյուրերից մեկի ծննդյան օրը, որը նորից մեծ շուքով նշվեց:
Անչափ շնորհակալ ենք այսչափ գեղեցիկ, ազգային և ուրախ տոնի բոլոր մասնակիցներին:
