ԵՐՐՈՐԴ «ՈՒՐԲԱԹ ԵՐԵԿՈ». ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ
"Լոֆթ" ինքնազարգացման կենտրոնը "40 բարության օր" մեծ իրադարձության "Ուրբաթ երեկո"-ի շրջանակներում ներկայացրեց արդեն երրորդ բարեգործական համերգը, որը տեղի ունեցավ մարտի 6-ին:
Երեկոն կրկին ջազային էր. մեր հյուրն էր ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ (Մալխասը), ով իր կատարումներով հիացրեց երեկոյի մասնակիցներին: Ելույթ ունեցավ նաև կոնտրաբասիստ Նիկողայոս Վարդանյանը:
Այս անգամ երեկոյի հասույթն ուղղված էր 13-ամյա Հարությունի (ախտորոշումը՝ ավշահանգույցների և ներքին օրգանների ախտահարում, 3-րդ աստիճան) բուժմանը:
Ջազային երեկոն հետաքրքիր էր իր անմիջականությամբ: Երբ համերգի հիմնական մասն ավարտեց, բեմ բարձրացան Լոֆթի սիրելի հյուրերը և կատարեցին Լևոն Մալխասյանի ստեղծագործություններից:
Լոֆթը շնորհակալ է իր յուրաքանչյուր հյուրին՝ այսքան ջերմ և մտահոգ վերաբերմունքի համար: Մենք գնահատում ենք Ձեր թեկուզ ամենափոքրիկ ներդրումը մեր բարեգործական մեծ նախագծի շրջանակներում:
Իսկ Հարությունին ուղարկում ենք ամենաջերմ և պայծառ մաղթանքները: Ապաքինվի՜ր:
