«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ. ԱՊՐԻԼ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆՔ ԲԵՌՆԱՐ ՎԵՐԲԵՐԻ ՀԵՏ
Ապրիլի 23-ին «Գրական տապան․ապրիլ» փառատոնի շրջանակներում Լոֆթում էր հանրահայտ գրող Բեռնար Վերբերը՝ Ֆրանսիայի ամենաընթերցվող և միջազգային ճանաչում ունեցող գրողներից մեկը, ում անունը՝ քննարկումների թեժ կիզակետում է նաև մեր երկրում:
Ընթերցել սիրում են շատերը և հատկապես հետաքրքիր է, երբ հանդիպում ես քո սիրելի գրքի հեղինակին: Տպավորությունները նոր են, իսկ հարցերը՝ բազմազան:
Նախքան Վերբերի գալուստը մեր ինտերակտիվ պատը ներկվել էր հեղինակի հայտնի հերոս-մրջյուններով, իսկ Լոֆթը հասցրել էր լցվել տարբեր տարիքի, սեռի և նախասիրության հյուրերով: Սակայն բոլորի նախասիրությունները հատվել էին այդ օրը մի կետում. նրանց հետաքրքիր էր Բեռնար Վերբերը՝ որպես հեղինակ, գուցե նաև որպես անհատականություն:
Ինչևէ, հանդիպում-քննարկումը հայտարարվեց բացված. նախ ելույթ ունեցան կազմակերպիչները, ովքեր սիրով ներկայացրին ֆրանսիացի գրողին և հաճելիորեն զարմացրին՝ ներկայացնելով Վերբերի պատմվածքների հայալեզու ժողովածուն: Գրքի վաճառքին զուգահեռ՝ խոսքը փոխանցվեց Վերբերին: Վերջինս իր ուրախությունը հայտնեց հայ ընթերցողների այսքան մեծ բանակ ունենալու կապակցությամբ և միանգամից ստեղծեց այնքան մտերմիկ մթնոլորտ, որ սկսվեց հարց ու պատասխան: Ընթերցողների հարցերը շատ բազմազան էին. նրանց հետաքրքիր էր ամեն ինչ՝ գրքերի բովանդակություններից մինչև Վերբերի առօրյան: Իսկ նա ուրախությամբ բովանդակալից պատասխաններ էր գտնում բոլոր հարցերին: Հենց պատասխանների ընթացքում Վերբերը պատմեց, օրինակ, մի փոքրիկ հեքիաթ. Երեք կույր մարդ հանդիպում են փղին. մեկը դիպչում է ոտքին և հայտարարում, որ փիղը շատ նման է ծառի, երկրորդը դիպչում է փղի մարմնին և ասում, որ այն շատ նման է պատի, երրորդը դիպչում է կնճիթին և հայտարարում, որ փիղը շատ նման է օձի: Այսպես էլ մենք ենք՝ մարդիկ: Մենք տեսնում ենք կյանքը՝ դատելով նրա միայն մի փոքրիկ հատվածից: Դե ուրեմն օբյեկտիվ դատողության համար պետք է դուրս գալ սեփական կաղապարներից: Պատասխանների ընթացքում նա նաև պատմեց ընթերցողներին, որ ամեն օր պարտադիր կերպով գրում է, թեկուզ մի պարբերություն: Վստահեցրեց, որ հենց հանդիպման օրն էլ արթնացել է և առաջին բանը, որ արել է. գրել է: Հետաքրքրական էր, որ Բեռնար Վերբերը անդադար գրպանից հանում էր հեռախոսը և լուսանկարում իր հյուրերին՝ բոլոր-բոլորին: Քննարկման ընթացքում նա նաև մի փոքրիկ փորձ կատարեց՝ օգնելով մարդկանց ավելի լավ աշխատեցնել իրենց զգայարանները: Նա խնդրեց բոլորին ուշադիր նայել իրեն, հետո լսել, խնդրեց փակել աչքերը և խորը շնչել՝ ամբողջ ընթացքում, չմոռանալով, իհարկե, լուսանկարել: Խոսակցությունը բավական երկար ձգվեց, քանի որ հարցերը մեկը մյուսից յուրօրինակ էին, և Վերբերը չէր ցանկանում նեղացնել իր ոչ մի ընթերցողին: Իսկ ահա քննարկումից անմիջապես հետո Բեռնար Վերբերի գլխին թափվեց ընթերցողների հսկայական բանակ՝ ձեռքներին պինդ բռնած գրողի գրքերը: Եվ միայն այն բանից հետո, երբ բոլոր գրքերը մակագրվեցին, իսկ բոլոր «սելֆիները» հաջողվեցին, Վերբերը հրաժեշտ տվեց ընթերցողներին՝ հուսալով հանդիպել նրանց մոտ ապագայում:
Լուսանկարների համար հատուկ շնորհակալություն Sannie Studios Photography-ին, իսկ հրաշալի երեկոյի համար՝ «Գրական տապան․ապրիլ» փառատոնի կազմակերպիչներին:
