ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ. ԱՊՐԻԼ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ ՄԱՐԿ ՄՈՐՏԵՆ ԼՈՖԹՈւՄ ԷՐ

Ապրիլ ամիսը միշտ էլ նշանավորվել է հայ ազգի համար, իսկ այս տարի՝ Եղեռնի 100-ամյա տարելիցի հետ կապված, հատկապես: Բայց այս ամիսը հետաքրքիր ամփոփում ստացավ նաև գրական իրադարձություններով: «Գրական տապան. ապրիլ» փառատոնի շրջանակներում Հայաստան էին ժամանել միանգամից երկու գրող. առաջինը ֆրանսիացի հանրահայտ գրող Բեռնար Վերբերն էր, ում հետ հանդիպման մասին մենք արդեն հասցրել ենք պատմել: Իսկ ապրիլի 25-ին հանդիպում-քննարկում տեղի ունեցավ իսպանացի գրող Մարկ Մորտեի հետ:

Մարկն ավելի քան մեկ տարի Կովկասում բնակվելուց հետո, որոշել էր վեպ գրել` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Այն կոչվում է «Արարատի զավակները» (Los hijos del Ararat (2008)): Եվ ահա Եղեռնի զոհերի հիշատակի հենց հաջորդ օրը նա հնարավորություն ունեցավ ներկայացնել գիրքը հայ ընթերցողներին: Փառատոնի կազմակերպիչները սիրով ելույթ ունեցան՝ ներկայացնելով գրողի գործունեությունը և գրքի բովանդակությունը: Այնուհետև խոսքը փոխանցվեց Մարկ Մորտեին, ով ասաց, որ իր առաջնային նպատակը Ցեղասպանության մասին բարձրաձայնելն էր: Թող նրա գրքի շնորհիվ թեկուզ մեկ մարդ իմանա, որ 100 տարի առաջ կատարվել է հայ ազգի բնաջնջում: Ի դեպ, Մորտեն շատ թուրք ընկերներ ունի, ովքեր թեև չեն ընթերցել գիրքը լեզվական խոչընդոտների պատճառով, բայց զրուցել են այդ թեմայով: Իսպանիայում ևս շատերը տեղյակ չեն եղել մեկ դար առաջ կատարված վայրագություններից: Ինչևէ, գիրքը վերջապես հասել է այնտեղ, ուր բոլորն են մտահոգ նկարագրվող պատմության մասին:

Վերջապես խոսքը հասավ նաև քննարկման մասնակից-հյուրերին, ովքեր նախքան հարցեր հնչեցնելը չէին մոռանում շնորհակալություն հայտնել անդրադարձի համար: Ցավոք, գիրքը դեռևս չի թարգմանվել հայերեն, բայց բոլորն էլ հուսով են, որ Մարկի հետ հաջորդ հանդիպումը հենց այդ առիթով կլինի: Թեպետ, բոլորը համամիտ էին այն մտքի հետ, որ առավել առաջնային է գիրքը թարգմանել անգլերեն, քանի որ Հայաստանում դժվար թե գտնվի մեկը, ով չիմանա պատմության այդ դաժան էջը, իսկ շատ են այն ազգերը, ովքեր անտեղյակ են այս մասին:

Քննարկման ժամանակ, իհարկե, շատ էին հնչում հարցեր հենց Եղեռնի վերաբերյալ, սակայն ընթերցողներին հետաքրքիր էր նույնիսկ Մարկ Մորտեի թեզի թեման, չէ՞ որ վերջինս դեռ ուսանում է բիզնես կառավարման գծով:


Այսպիսով, ևս մեկ հրաշալի երեկո անցավ Լոֆթում՝ շնորհիվ «Գրական տապան. ապրիլ» փառատոնի կազմակերպիչների: Ուրախ ենք, որ այլազգի հեղինակները տարբեր առիթներով հյուրընկալվում են հենց մեր երկրում:

Լուսանկարների համար հատուկ շնորհակալություն Sannie Studios Photography-ին:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել