ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆ. «ՈւԶՈւՄ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԸԼԼԱԼԸ ԿԱՅՖ ԸԼԼԱ»

Այսօր՝ Սեպտեմբերի 30-ին, դերասան, մշակութային գործիչ, ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը LOFT-ում հանդիպեց երիտասարդների հետ: Աշնան առաջին ամիսն ամփոփեցինք ուրախ, մտածկոտ, ընկերական և հաճելի մթնոլորտում:

40 տարի առաջ, սկսելով դերասանի կարիերան, Հրանտ Թոխատյանը հստակ գիտեր՝ ուր է գնում և ինչի համար: Այսօր՝ այսքան տարի անց, նա շարունակում է կերտել տարբեր կերպարներ, շարունակում է իր առաջ դնել նպատակներ ու հասնել դրանց: Իսկ նրա երազանքները մինչև այսօր չեն սպառվում. Հր. Թոխատյանը դեռ պետք է դերասանական դպրոց բացի մանուկների համար, պետք է կիսվի փորձով և իր հետքը թողնի թատրոնի զարգացման փուլում:


Վերջինս անկեղծորեն խոստովանում է՝ ինքն այսօր Հայաստանում ամենալավ վարձատրվող դերասանն է: «Ես համաձայն չեմ այն համոզմունքի հետ, որ դերասանը պետք է քաղցած մնա, պետք է տուն չունենա և ձեռքը մուրացկանի պես պարզած լինի: Ոչ: Իսկ ինչու՞ չվերաբերել դերասանությանը որպես ամենալուրջ մասնագիտություն»,-նշում է Թոխատյանը:

Հանդիպման հյուրերից մեկի խոսքին էլ, թե «Հայ ըլլալը գոյապայքար կնշանակէ», Հ. Թոխատյանն առարկեց՝ ասելով՝ «Ինչու՞ գոյապայքար, ոչ, ուզում եմ, որ հայ ըլլալը կայֆ ըլլա»:

Սիրում է, երբ իրեն գնահատում են, բայց կոչումների հանդեպ անտարբեր է: Երբ իրեն որևէ կոչում են տալիս, ուզում է պրպտել, հասկանալ՝ ինչու: Վերջերս, երբ ստացավ ՀՀ Ժողովրդական արտիստի կոչում, չցանկացավ մեկնաբանել այդ փաստը: Հանդիպման ընթացքում ներկայացրեց միայն մի հարց, որ իրեն ուղղել էին այդ դեպքից հետո. «Մի լրագրող հարցրեց՝ ի՞նչ արեցիք, երբ արթնացաք: Ասացի՝ ի՞նչ արեցի, նախաճաշեցի: Բա ի՞նչ էիք կարծում. պետք է կոչումից հետո սկսեի առավել լավ խաղա՞լ դերերս»,-զարմանում է դերասանը:

Փոխարենը իր համար կարևոր են լեցուն դահլիճները, հոտնկայս ծափահարություններն ու ժպիտները, ինչպես և ճանապարհեցինք սիրված դերասանին:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել