ՀԱՋՈՂՈւԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ «ԻՄ ՀՈԳԵԲԱՆԸ LOFT-ՈւՄ» ԵՌԱՄՍՅԱ ՆԱԽԱԳԻԾԸ

«Birthright Armenia» հիմնադրամի «Դեպի Հայք» նախագծի շրջանակներում Հայաստան ժամանած հայ երիտասարդ կամավոր Հասմիկ Այվազյանը LOFT-ում իրականացրեց հոգեբանական եռամսյա նախագիծ: Ստորև ներկայացնում ենք «Իմ հոգեբանը LOFT-ում» նախագծի մասնակիցների կարծիքները (անանուն):

________________________________________________

«Շատ ուրախ եմ, որ ինձ տրվեց այս հնարավորությունը հանդիպելու Հասմիկին. մի շատ պրոֆեսիոնալ հոգեբանի, ով ինձ օգնեց, և ում ազդեցությունն իմ կյանքում ես դեռ շատ կզգամ, համոզված եմ:

Ես ունեի շատ կոմպլեքսներ, չէի կարողանում ընդունել ինձ, իմ կյանքը և այն, ինչ կատարվում էր իմ ներաշխարհում: Հասմիկի շնորհիվ ես կարողացա և անչափ ուրախ եմ դրա համար: Նա ինձ օգնեց աչքերս լայն բացել և տեսնել այն ելքերը, որ ես չէի տեսնում: Իրականում շատ դժվարանում եմ բառեր գտնել. այն ներդրումը, որ Հասմիկն ունեցավ իմ կյանքում, շատ կարեւոր էր:

Ունեի նաեւ շփման խնդիր, դրա վրա էլ աշխատեցինք: Իրականում ժամանակը շատ կարճ էր, բայց այդ կարճ ժամանակում նա ինձ շատ օգնեց: Ես ունեի բազում կասկածներ, որոնք էլ չկան:

Անչափ շնորհակալ եմ, շաաաաաատ և նաև LOFT –ին. եթե դուք չլինեիք, ես չէի հանդիպի իմ սիրելի Հասմիկին»:

________________________________________________

«Մի քանի ամիս առաջ, երբ ես բացեցի իմ ֆեյսբուքյան էջը, տեսա մեկ նյութ՝ «Իմ Հոգեբանը LOFT-ում» թեմայով: Որոշեցի փորձել: Այդ ժամանակ իմ կյանքում դժվարին շրջան էր կարևոր որոշումներ կայացնելու համար: Հանդիպեցի Հասմիկ Այվազյանի հետ, ով ինձ օգնեց: Նա իր խորհուրդներով օգնեց գնահատել և արժևորել ինքս ինձ, օգնեց կանացի լինել: Շատ կարևոր գործ կատարեց, օգնեց ինձ փոխվել, որի համար շատ շնորհակալ եմ Հասմիկ Այվազյանին: Շատ սիրեցի նրան իր բարության, հոգատարության, կանացի մեծ էներգիայի և, իհարկե, մարդկային հրաշալի կողմերի համար: Հասմիկի պես մարդիկ հիմա մեզ շատ են պետք; Ցանկալի կլինի նման ծրագրեր հաճախ իրականացնել: Եվ, իհարկե, շնորհակալ եմ LOFT-ին նման նախագծի համար»:

________________________________________________

«Հոգեբանի հետ աշխատանքի սկզբում մի փոքր սկեպտիցիզմ ունեի. նախկինում ունեցել եմ նմանատիպ փորձ, ու, չնայած որոշ չափով գոհ եմ, լիարժեք խնդիրներս չէին վերացել: Արդեն երկրորդ սեանսից հետո ինձ մոտ հետաքրքրվածություն և ցանկություն նկատեցի շարունակելու այցելությունները: Հասմիկի հետ աշխատանքի ժամանակ անդրադարձանք տարբեր խնդիրների՝ ներընտանեկան կոնֆիլկտներից մինչև շփումը հակառակ սեռի հետ: Սեանսների ժամաակ սովորեցի տեխնիկաներ՝ վերբալ և ժեստային, սթրեսը հաղթահարելու և սթափ դատողությունը չկորցնելու համար: Սովորեցի կոգնիտիվ թերապիայի որոշ հնարքներ՝ ինչպես օրինակ պասիվից ակտիվ դերային մտածողություն, թերապիայի ժամանակ խոսեցինք նաև կոնֆլիկտների հաղթահարան տեխնիկաներից: Հակառակ սեռի հետ շփման մեջ հոգեբանի խորհուրդներն ինձ օգնեցին ավելի ինքնավստահ դառնալ, որոշ տեխնիկաներ փորձում եմ հիմա էլ գործնականում կիրառել: Հասմիկից ստացա նաև հոգեբանությանը վերաբերող հանրամատչելի գրականություն, հոլովակներ, որոնք թույլ են տալիս արդեն ինքնուրույն շարունակել իմ ինքնաճանաչումը: Կարող եմ նշել, որ Հասմիկի հետ մի քանի հանդիպումները բավական պրոդուկտիվ էին, և արդարացրին իմ սպասելիքները, նրանք ինձ օգնեցին կողմնորոշվել տարբեր հարցերում, ինչպես նաև բավական խաղաղեցրին մինչ այդ որոշ պատճառների հետևանքով առաջացած սթրեսային հոգեվիճակը»:

____________________________________________________

«Շնորհակալ եմ նախ և առաջ LOFT-ին նման հնարավորության համար: Ես շատ ուրախ եմ, որ հանդիպեցի հոգեբան Հասմիկին: Նա օգնեց ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Օգնեց վերջակետ դնել անցյալում կիսատ թողնված հարցերին: Ինձ մոտ կային ոտքի ցավեր՝ կապված նյարդերի հետ, միասին աշխատելով մենք հասանք արդյունքի: Հետաքրքիր էր աշխատել նրա հետ: Հուսով եմ՝ կրկին կհանդիպենք»:

________________________________________________

«Կարծում եմ՝ Հասմիկն իմ կյանքում հայտնվեց ոչ պատահական՝ ինձ համար շատ դժվար ժամանակներում… Մի ժամակահատվածում, որը երևի հաղթահարեցի նաև իր շնորհիվ: Նախկինում երբեք չէի դիմել հոգեբանի օգնության, սակայն ընկերներիցս մեկը, իմանալով, թե ինչ դժվար հոգեբանական խնդիրների առաջ եմ կանգնած այդ պահին, խորհուրդ տվեց դիմել Հասմիկի օգնությանը, ինչի համար երբեք չեմ փոշմանի: Հասմիկի շնորհիվ կարողացա կյանքին ավելի լավատեսորեն վերաբերել, հասկանալ, որ մի միջադեպով կյանքը չի ավարտվում, և պետք է շարունակել քայլել առաջ՝ ավելի վստահ, որ ամեն ինչ լավ է լինելու: Շնորհակալ եմ լավատեսություն ներարկելու համար ))))))»:

Շնորհակալ ենք՝ այս յուրահատուկ նախագծին միանալու համար: Ուրախ ենք, որ այն արդյունավետ ստացվեց:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել