ԿԱՅԱՑԱՎ «ՍՊԱՍՈՂ ՄԱՐԴՈՒ ՕՐԱԳԻՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Ձմռան վերջին օրը Լոֆթում երկար սպասված էր. «Սպասող մարդու օրագիր» գրքի շնորհանդեսն էր: Վերջապես ընթերցողների ձեռքում հայտնվեց գիրքը, որը եզակի և յուրահատուկ է իր տեսքի ու տեսակի մեջ: Այստեղ թարգմանաբար ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների` թվով 365 կարճ բանաստեղծություն` տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկական: Մեկ հետաքրքիր փաստ ևս. վաճառքի է հանվել գրքի միայն 365 օրինակ: Մեծ մասն արդեն գտել է իր ընթերցողին, սակայն, ի ուրախության շատերի, դեռ կան մի քանի օրինակներ, որոնք համբերատար սպասում են իրենց տերերին: Ի դեպ, գրքի ամեն օրինակը ներկվել է հատ առ հատ: Նշանակում է յուրաքանչյուր օրինակը չկրկնվող է:
Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ գրքի հեղինակ, թարգմանիչ Էդիկ Պողոսեանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին. մարդկանց, ում շնորհիվ ստեղծվել է գրքի գաղափարը, մարդկանց, ովքեր թեկուզ ամենաչնչին դերն են ունեցել «Սպասող մարդու օրագիր»-ը ստեղծելու ճանապարհին, մարդկանց, ովքեր հետաքրքրվել են և ներկա գտնվել շնորհանդեսին: Շնորհակալական խոսքն ուղեկցվեց նվերներով, ընկերների բարեմաղթանքներով և որոշ բանաստեղծությունների ընթերցումով: Ելույթ ունեցավ նաև սիրված երգչուհի Լիլիթ Բլեյանը՝ իր թեմատիկ երգով՝ «Ինչպես սպասող գնացքներ»:
Բոլոր գրքերը մակագրված էին, հետևապես մակարգրության վրա ծախսած ժամանակն էլ օգտագործվեց ավելի հաճելի. գինու հյուրասիրությամբ և ընկերական ջերմ շփումով:
«Սպասող մարդու օրագիր» գրքի օնլայն տարբերակին կարող եք ծանոթանալ՝ գնալով հղումով. issuu.com:
