ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԻՑ ԱՌԱՋ «ԼԱՎ ԷԼԻ»-Ն LOFT-ՈւՄ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՐԿՐՊԱԳՈւՆԵՐԻ ՀԵՏ

90-ականներին Վանաձորի Նժդեհի փողոցին կից մի վարձակալած տան պատուհաններից հնչում էին մեղեդիներ, որոնք հետո պիտի դառնային հիթեր՝ ամբողջ Հայաստանում: Հենց այդ տանն են գրվել այնպիսի երգերի բառեր, ինչպիսիք են «Քո աչքերը», «Աղջիկները չունեն (խելք)», «Դե գնա» և այլն: Ահա թե որտեղից է սկսվել «Լավ Էլի» խմբի ձևավորումը:

Այս մասին սիրված խմբի հետ հանդիպման ժամանակ մեզ պատմեց Նժդեհի փողոցում նշված երգերին ականջ դրած՝ LOFT-ի տնօրեն Արևիկը, ով և ազդարարեց երկար սպասված միջոցառման բացումը:

Առաջին համերգները կազմակերպելով Վանաձորի Տիկնիկային թատրոնի սառը դահլիճում՝ «Լավ Էլի»-ն կարողացավ համոզել մարդկանց գալ և լսել իրենց՝ թեկուզ տաք բաճկոններով: Հենց այսպես էլ կառուցվեց նրանց լսարանը, որը, փաստորեն, հավատարիմ է նույնիսկ 20 տարի անց:

Այդքան երկար տարիներ անց «Լավ Էլի»-ն որոշեց հանդես գալ միանգամից մի քանի համերգային ծրագրերով, ինչպես սիրելի Վանաձորում, այնպես էլ Երևանում: Եվ, քանի որ, LOFT-ն անտաբեր չկարողացավ անցնել այսպիսի տոնի կողքով, Նոյեմբերի 11-ին իր ամբողջ տարածքը սիրով տրամադրվեց «Լավ Էլի» խմբին ու իր երկրպագուներին:

Հանդիպման մասնակիցներն ուղղեցին իրենց հարցերը, որոնք գուցե 20-ամյա հնություն ունեին, իսկ խմբի անդամները սիրով պատասխաններ գտան բոլոր-բոլոր հարցերին: Երեկոյի ընթացքում մեկը մյուսի հետևից հնչեցին նաև սիրված երգեր, ինչպես հին, այնպես էլ նոր ալբոմներից:

Երևանում այդ երեկո 198 մարդ հաստատ երջանիկ էր...

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել