ՄԱՆՈւԿ ՆԻԳՈՅԱՆԸ՝ «ԽՈՐՀՈւՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ LOFT-ՈւՄ

Փետրվարի 20-ին Մանուկ Նիգոյանը «Լոֆթ»-ում պատմեց Հայաստանի մշակութային հիմնադրամի ամենահայտնի գովազդային նախագծերից մեկի՝ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախաձեռնության կազմակերպման, իրականացման ու իրացման մասին։ LOFT-ը (նախագծի աջակից), զրուցեց Մանուկի հետ, ով ներկայացրեց որոշ մանրամասներ:


-Յուրաքանչյուր նախագծի մեկնարկը, սովորաբար, ուղեկցվում է բարդություններով: «Խորհուրդ են տալիս հայտնիները»-ի դեպքում ի՞նչ խնդիրների բախվեցիք:


-Յուրքանչյուր փուլում բարդությունները տարբեր են, բայց երբեք չեմ մոռանա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ առաջացած բարդությունները, որովհետև նախապատրաստական 2 ամիսների ընթացքում ես ստիպված եմ եղել ապրել նախարարի կամ ակտիվ քաղաքական գործչի առօրյայով։ Գիտեի՝ որ ժամին է Աշոտյանն իր աշխատասենյակում, երբ է լքում նախարարության շենքը, երբ է ակտիվ հանդիպումների, շրջագայությունների մասին էլ չեմ խոսում։


-Այնուամենայնիվ Կրթության նախարարության աջակցությունն օգնե՞ց նախագծի իրականացմանը:


-Մենք չեն ստացել Կրթության նախարարության որևէ տեսակի աջակցություն։ Մենք ունեցել ենք կրթության նախարարի մասնակցություն, որը բացառապես Արմեն Աշոտյանի անձնական ինտերակտիվության գովելի դրսևորում էր։


-«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի նպատակը գուցե ակնհայտ է: Կա՞ն թաքուն նպատակներ:


-Չեմ լռել, ինչպես ձուկը ջրում, որովհետև որոշ շրջանակներում ծավալված քննարկումների ժամանակ հայտնել եմ այդ մասին, բայց, այդուհանդերձ, թաքուն նպատակներից մեկն է հայտնի մարդկանց նույնպես օգնել դառնալ ընթերցասեր, եթե իհարկե մինչ նախագծին մասնակցելն արդեն ընթերցասեր չեն:


-Կա՞ որևէ վիճակագրություն. արդյոք նախագծի շրջանակներում գովազդված գրքերի վաճառքն ավելացե՞լ է:


-Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ հաճախ ենք խոսել այս թեմայով. վերջինս, ելնելով գրախանութների հաշվետվություններից, կարծում է, որ ակտիվությունն, ինչ խոսք, սպասվածից մի փոքր ցածր է, բայց ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ գրախանութների փոխարեն գրադարաններում աճել է այդ գրքերի նկատմամբ հետաքրքրությունը, էլ չեմ ասում ընկերներից գիրքը վերցնելու և վերադարձնելու ավանդական մեթոդի մասին։


Մեր կազմակերպության տվյալներով նախագծի շրջանակում հրապարակված գրքերը, այո՛ ակտիվորեն փնտրվում են ընթերցողների կողմից։


-Որպես նախաձեռնության հեղինակ և համակարգող՝ ինչպե՞ս եք տեսնում նախագծի ապագան: Ընթերցասեր հայտնիների ցանկը գուցե մի օր սպառվի՞:


-Որպես նախաձեռնության հեղինակ պատասխանս կլինի զգացմունքային դաշտից, քանի որ ուզում եմ երջանիկ բախտավորություն ունենալ ու տեսնել նախագծի անվերջ շարունակություն։ Իսկ որպես համակարգող, սառնասրտորեն խոստովանում եմ, որ կյանքում ամեն բան՝ լավ կամ վատ, հայտնի կամ անհայտ, սպասված կամ անսպասելի, առանց բացառության ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ, Խորհուրդ են տալիս հայտնիները նախագիծը նույնպես մի օր կավարտվի, բայց վստահ եմ՝ ոչ այն պատճառով , որ կսպառվեն ընթերցասեր հայտնիները, քանի որ աշխարհը, այդ թվում և Հայաստանն ապրում են սերնդափոխություն. այսօրվա շատ պատանիներ տարիներ հետո պոտենցիալ հայտնիներ են, որոնք, վստահ եմ, ապագայում կլինեն այնքան ինտելեկտուալ, որ նաև խորհուրդ տվող հայտնիներ դառնան։


-Այդ դեպքում ի՞նչը կարող է պառճառ դառնալ իր բնույթով եզակի այս նախաձեռնության ընդհատմանը: Գուցե հետաքրքրության բացակայությու՞նը:


-Ճիշտ կազմակերպման պարագայում, հետաքրքրության բացակայությունը բացառում եմ։ Կուզեմ անկեղծ լինել. այս պահին ամենահավանական պատճառներից մեկը ֆինանսականն է. 4-րդ փուլում ավելի շատ բանակցությունների և բարդությունների արդյունքում մենք նորից կարողացանք հոգալ ֆինանսական ծախսերը, ի շնորհիվ մեր հավատարիմ հովանավորների (տե՛ս լուսանկարը)։ Բայց միևնույն ժամանակ զգում եմ, որ վերջերս մեզ միացած երիտասարդ կազմակերպիչները կանեն ամեն հնարավորը՝ պահելու թե՛ նախագծի նկատմամբ հետաքրքրությունը, թե՛ հովանավորներին։


-Եվ վերջում մեկ հարց այն երիտասարդների անունից, ովքեր ցանկություն ունեն միանալ ձեր թիմին: Ինչպե՞ս կարելի է դառնալ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի կամավոր: Եվ ի՞նչ աշխատանքներ են իրականացնում նրանք նախագծի շրջանակներում:


-Խորհուրդ են տալիս հայտնիները նախագծի կամավոր, կամ, ինչպես ես եմ սիրում ասել, կազմակերպիչ դառնալու համար անհրաժեշտ է միայն այցելել նախագծի ֆեյսբուքյան էջ (https://goo.gl/j4x9eP), հաղորդագրությամբ հայտնել ցանկության մասին: Ի պատասխան՝ դիմողները կստանան հայտ, որը լրացնելուց անմիջապես հետո մեր աշխատակիցը կներկայացնի սպասվող աշխատանքների մանրամասները։ Հետո արդեն սպասվում են բնականոն աշխատանքային հանդիպումներ և ծանրաբեռնված, բայց հաճելի կազմակերպչական գրաֆիկ։


«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախաձեռնությանը միացել է նաև LOFT-ը՝ որպես աջակից: Այնպես որ, սպասեք համատեղ իրադարձությունների:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել