ԹԱՅ ՉԻԻ ԲԱՑ ԴԱՍ
Ուշադրություն, ուշադրություն,
Լոֆթը հրավիրում է թայ չիի կամ թայ ձի ցյուանի բաց դասի, որը տեղի կունենա ուրբաթ օրը՝ առավոտյան ժամը 12:00-ին: Իսկ ի՞նչ է թայ ձի ցյուանը: :)
Չինարենից թարգմանաբար «թայ ձի ցյուան» նշանակում է «մեծ եզերքի բռունցք»: Եւ քանի որ հայերենում «մեծ» բառը ունի «տի» հոմանիշը, ապա կարելի է գործածել նաև «տիեզերական բռունցք»։ Իրականում իսկապես տիեզերական իմաստ է կրում չինական մշակույթի այս ճյուղը։ Խոսքը մարդու տեսքով տիեզերքի մանրակերտի մասին է։ Մարդու համար բազում կարևոր խնդիրներ է լուծում թայ չի ցյուանը՝ սկսած առողջականից, շարունակած ճանաչողականով և ամփոփած ինքնապաշտպանությունով։ Թայ ձի ցյուանը հանդիսանում է խոկում (մեդիտացիա) շարժման մեջ և շարժում խոկումի մեջ։ Նշանակալից է, որ այն հրաշալի միջոց է մարմնում, շնչառության մեջ և մտքերում անդորրի չափաբաժինը ավելացնելու։ Եւ այդ երեք ոլորտներում անդորրի հաստատումն է խոշոր առումով համարվում Ներդաշնակություն։ Այդ ներդաշնակությունը նշանավորվում է մարմնի ուժով, շնչառության նրբությամբ և մտքի հստակությամբ։ Դա մարդու բաղձալի նպատակներին հասնելու իմաստասիրական ուղիներից մեկն է և արտաքուստ տարբեր լինելով այլ միջոցներից, ներքուստ կրում է նույն սկզբունքը։ Թայ ձին զգացողությունների նրբացման ուղի է և մարդուն ուղեկցում է դեպի ներաշխարհի խորքերը։ Մարդը սովորում է կառավարել ոչ միայն մարմինը, շնչառությունը և մտքերը, այլ նաև կենսական զորությունը, որը չինարենում հայտնի է որպես «ցի» իսկ սանկրիտով «պրանա»: Գիտական լեզվով դա էլեկտրոմագնիսական դաշտն է, որը գործում է մեր նյարդային համակարգի միջոցով։ «Ցի»-ն ուղղակիորեն գործում է մտքերով։ Խաղաղ միտքը հաղորդում է խաղաղ, դրական, արարող Ցի։ Թայ ձին նպաստում է մտքերի խաղաղմանը:
Դասը վարելու է Անդրանիկ Աթովանցը
Մուտքը՝ անվճար
