ԹԱՓՈՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՎԵՍՏ. ՎԱՐՊԵՏՈւԹՅԱՆ ԴԱՍ ՖԱԲԻՈ ԶԱՆԻՆՈՅԻ ՀԵՏ

Մայիսի 21-ին “Լոֆթ" ինքնազարգացման կենտրոնը հյուրընկալել էր իտալացի արվեստագետ Ֆաբիո Զանինոյին, ով եկել է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպայի օրվա տոնակատարություններին: Զանինոն իտալացի քանդակագործ-նկարիչ է Թուրինից: Նրա ոճական ոգեշնչումը նյութականի կերպարանափոխումն է, ինչն էլ հենց գրավել է հայ ազգի ուշադրությանը:

Վարպետության դասին “Լոֆթ"-ում էր հավաքվել մի մեծ ամբոխ, ով փորձում էր թափոններից արվեստ ստեղծել: Ֆաբիո Զանինոն նախ փոքրիկ պրեզենտացիա ներկայացրեց, ապա հյուրերին տվեց անհրաժեշտ պարագաները և հորդորեց անցնել գործի: Դե իսկ մինչև բոլորը զբաղված էին այդ զվարճալի աշխատանքով (տե՛ս լուսանկարները), “Լոֆթ" թիմը հասցրեց զրուցել Ֆաբիո Զանինոյի հետ:


-Առաջին անգա՞մ եք Հայաստանում:

-Այո, սա առաջին անգամն է: Բայց արդեն հասցրել եմ այցելել Վանաձոր, Գյումրի… Տեսել եմ հայկական եկեղեցիներ, շատ եմ տպավորվել և ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ հայ ազգի ժառանգության հետ:

-Հատկապես ի՞նչն է գրավել Ձեզ մեր երկրում:


-Կարծում եմ, որ դեռ շատ քիչ բան եմ տեսել այստեղ, բայց ինձ գրավել է Ձեր հյուրասիրությունը: Այստեղ ինձ լավ եմ զգում:

-Իսկ կա՞ մի բան, որ կփոխեիք մեր երկրում:

-Այո: Հայերի մեջ ինձ դուր չի գալիս, որ նույնիսկ երեխաները շատ են ապրում ցեղասպանությունով. դա շատ խորն է նստած նրանց մեջ (վարպետության դասերի ժամանակ եմ շատ առնչվել): Չեմ ասում, թե բնական չէ այս երևույթը, պարզապես տեսնում եմ, որ Հայաստանը զարգացող երկիր է ու շատ եմ ուզում, որ հատկապես արվեստում երևա դա:

-Գիտեմ, որ նաև քանդակագործ եք, իսկ արվեստի նման ճյուղը կյանքի կոչելու գաղափարը ե՞րբ ծնվեց:


-2007 թվականից եմ սկսել: Ինձ շատ է դուր գալիս ոչնչացող բաներից արվեստ ստեղծել: Ոչինչ չպետք է ոչնչնանա: Պետք է փորձել պահպանել ինչ հնարավոր է և ինչքան հնարավոր է:


-Կարծու՞մ եք, որ ժամանակի ընթացքում այս ճյուղը խորն արմատներ կգցի համաշխարհային արվեստի մեջ:

-Չեմ կարծում, որ նոր բան եմ ստեղծել: Սա պարզապես նոր մոտեցում է արդեն գոյություն ունեցող արվեստի ճյուղին: Բայց հուսով եմ, որ իմ մոտեցումը կգտնի համախոհներ:

-Կա՞ որևէ հայ արվեստագետ, որ գրավել է Ձեր ուշադրությունը, Ֆաբիո՛:

-Դժբախտաբար առիթ չեմ ունեցել այցելել հայկական թանգարաններ: Բայց համոզված եմ, որ շատ արվեստագետների ձեռագրեր կհավանեմ: Ի դեպ, մեծ ցանկություն ունեմ հանդիպել հայ ժամանակակից արվեստագետների հետ:

-Իսկ համաշխարհային արվեստագետների՞ց:

-Շատ են: Փորձեմ հիշել. Բորոնդո, Պիքսել Պանչո, Էդգար Սաներ, Աքսել Վոյդ ու էլի շատերը:


-Եվ մի փոքր խոսենք ձեր ապագա ծրագրերից:


-Մեծ գաղափարներ ունեմ, սակայն դրանք դեռևս ծրագրեր չեն, այդ պատճառով չեմ ցանկանում խոսել անհիմն բաների մասին: Հուսով եմ՝ նորից կվերադառնամ Հայաստան՝ դրանք կյանքի կոչելու:

Լուսանկարները՝ Sannie Studios Photography-ի

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել