ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻ «ԱՆՄՈՌՈՒԿ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Այսօր տեղի ունեցավ Լոֆթի՝ տարվա առաջին գրական միջոցառումը: Disabilityinfo.am տեղեկատվական հարթակի հիմնադիր-խմբագիր Զարուհի Բաթոյանն ընթերցասեր հասարակությանը ներկայացրեց իր հեղինակած առաջին գիրքը՝ «Անմոռուկ»-ը, որը բանաստեղծությունների ժողովածու է:

Ինչպես և Զարուհին ցանկացել էր, Լոֆթում հավաքվել էին իր սիրելի ծանոթներն ու անծանոթները, ովքեր, գիրքը ձեռքներին, անհամբեր սպասում էին մակագրության պահին:

Նախ Դեմիեն Րայսի հաճելի երաժշտության ներքո Զարուհին ողջունեց բոլոր ներկաներին և հյուրասիրեց խոստացված գինին, ապա սկսվեց շնորհանդեսի հիմնական մասը: Հեղինակը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, նշեց մարդկանց անուններ, ովքեր թեկուզ փոքր դեր են ունեցել «Անմոռուկ»-ի ստեղծման ճանապարհին և խոսքը փոխանցեց գրքի խմբագիր Հասմիկ Հակոբյանին: Վերջինս, շնորհավորական խոսք հղելով, նշեց, որ սիրով է ստանձնել խմբագրի աշխատանքը, որովհետև զգացել է գրքում տեղ գտած յուրաքանչյուր բառի իմաստը: Դե իսկ այս ելույթից հետո եկավ երկար սպասված «աստղային» պահը. Զարուհին վերցրեց գրիչն ու սիրով մակագրեց բոլոր գրքերը:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել